-

Սովորել լեզուներ. ուսանել լավագույն համալսարաններում

Օրեցօր գործատուները ավելի բարձր որակավորմամբ մասնագետների են փնտրում։ Իսկ բարձր որակավորում կարելի է ստանալ որակյալ կրթություն ստանալով։Նախորդ հոդվածներից մեկում արդեն խոսել եմ այն մասին, որ աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստանալու ցանկությունն է անգլերեն սովորելու գլխավոր դրդապատճառներից մեկը։ Այսօր կպատմեմ, թե ինչ նշանակություն ունի անգլերենի և գերմաներենի իմացությունը լավագույն համալսարաններ ընդունվելու և այնտեղ բարեհաջող ուսումնառություն ստանալու համար։

ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա,Կանադա` այս երկրներում են գտնվում աշխարհի լավագույն համալսարանները՝ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Անգլիայի համալսարանական քոլեջը, Կոլումբիայի համալսարանը և այլն։ Այս բոլոր համալսարաններում ուսուցման լեզուն հենց անգլերենն է։ Ուրեմն լավագույն համալսարաններում կրթություն ստանալու առաջին քայլը անգլերենին շատ լավ տիրապետելն է։ Իսկ եթե հիանալի տիրապետես գերմաներենին կարող ես մագիստրոսի կոչում ստանալ աշխարհի հնագույն համալսարաններից մեկում՝ Հայդելբերգի համալսարանում կամ փիլիսոփայություն ուսումնասիրել Բեռլինում, ընդհանուր առմամբ՝ մասնագիտանալ Գերմանիայի շուրջ 200 համալսարաններում։

Արտասահմանյան համալսարաններ ընդունվելու համար պետք է ներկայացնել մի շարք փաստաթղթեր, որոնցից մեկը անգլերենի իմացությունը վկայող հավաստագիրն է։ Այս հավաստագիրը կարող ես ստանալ՝ հանձնելով IELTS կամ TOEFL  միջազգային քննությունները (պահանջվող միջին գնահատականը IELTS-ի դեպքում 6.5 է, իսկ TOEFL-ի դեպքում 80-100)։ Իսկ Գերմանիայում ուսանելու համար համալսարանների մեծ մասը պահանջում է հանձնել OnDaf գերմաներենի միջազգային քննությունը, որի նվազագույն գնահատականը պետք է 4 լինի (առավելագույն միավորը՝ 5)։ Բացի այս քննություններից, համալսարանները անցկացնում են առցանց հարցազրույցներ, պահանջում ինքնակենսագրականներ, երաշխավորագրեր կամ հետաքրքրության նամակներ։ Բնականաբար, այս բոլոր փաստաթղթերը պետք է գրված լինեն անգլերենով, Գերմանիայում կամ Ավստրիայում համալսարան ընդունվելու պարագայում որոշ դեպքերում միայն գերմաներենով, որոշ դեպքերում էլ կամ անգլերենով կամ գերմաներենով։

Ուրիշ որտեղ կարելի է գտնել անվճար մագիստրոսական ծրագրեր, եթե ոչ Գերմանիայում և Նորվեգիայում։ Օրինակ Գերմանիան տարեկան 250.000 միջազգային ուսանողների է ընդունում և նրանց մեծ մասը կամ սովորում են անվճար համակարգում կամ ապրելու ու ուսման կրթաթոշակներ ստանում։ Հայաստանում կրթաթոշակ կարող ես ստանալ օրինակ գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից (DAAD)։

Ի վերջո, օտար երկրում կրթություն ստանալու համար նախ պետք է ծանոթանանք ու ադապտացվենք մեզ շրջապատող միջավայրին։ Իսկ դա հնարավոր է միայն լեզվական գիտելիք ունենալու պարագայում։ Եթե անգամ երբևէ չես ուսումնասիրել այս լեզուները, բայց շատ ես ուզում լավագույն համալսարաններից մեկի ուսանողը դառնալ, պետք չէ հուսահատվել։ Արա առաջին քայլը հենց հիմա՝ ծանոթացիր լեզուների ուսուցման տարբեր մեթոդներին ու ընտրիր քեզ համապատասխան լեզվի դպրոցը։


Եթե ցանկանում ես ուսումդ արտասահմանյան որևէ համալսարանում շարունակել, ապա չմոռանաս կարդալ նաև այս հոդվածները

IELTS թե՞ TOEFL. Ո՞ր թեստը հանձնել
3 պատճառ Լոնդոնի համալսարանական քոլեջ ընդունվելու համար