-

Որքա՞ն ժամանակ է պահանջվում անգլերեն սովորելու համար

Արդեն սկսե՞լ ես անգլերեն սովորել։ Դեռ չես սկսել, բայց արդեն գիտե՞ս, թե ինչու է անգլերեն սովորելը կարևոր։ Օտար լեզու սովորելու յուրաքանաչյուր փուլում մեզ բոլորիս մի հարց է հետաքրքրում՝ որքա՞ն ժամանակ է պահանջվելու մինչև լավ տիրապետեմ այս լեզվին, ե՞րբ եմ կարողանալու ազատ օգտագերծել այն։

Այս հարցին պատասխանելը այնքան էլ հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուրս լեզու սովորելու համար տարբեր մեթոդներ ենք ընտրում, ուսումնառությանը տարբեր ժամանաքանակ ենք տրամադրում, ոմանք ավելի մեծ պատասխանատվությամբ են  վերաբերում նոր լեզու սովորելուն ու ավելի աշխատասեր են, քան մյուսները։ Վերջիվերջո, լեզվական իմացության տարբեր մակարդակներում գտնվող մարդիկ տարբեր ժամանակահատվածում են հասնում պրոֆեսիոնալ մակարդակի։

Որպեսզի պարզես, թե որքան ժամանակ կպահանջվի քեզնից անգլերենիդ իմացությունը պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար, պետք է պատասխանել հետևյալ հարցերին՝

  • Օտար լեզվի տիրապետման ո՞ր մակարդակում եմ ես այժմ։
  • Արդյո՞ք կիրառում եմ օտար լեզու սովորելու՝ ինձ համար լավագույն մեթոդները։
  • Որքա՞ն ժամանակ եմ տրամադրում օտար լեզու սովորելուն։

Անգլերենի իմացության մակարդակը չափելու տարբեր ստանդարտներ կան։ Եթե հիմք ընդունենք լեզուների իմացության գնահատման ընդհանուր եվրոպական համակարգը (CEFR), կան իմացության հետևյալ մակարդակները՝

A1 սկսնակ
A2 տարրական
B1 միջին
B2 միջինից բարձր
C1 գերազանց
C2 պրոֆեսիոնալ

Մասնագետները պնդում են, որ յուրաքանչյուր մակարդակին հասնելու համար պահանջվում է մոտավորապես վեց ամիս։ Այսինքն եթե միջին մակարդակի գիտելիքներ ունես, մոտավորապես ինը ամսում կարող ես հասնել գերազանց իմացության։ Որպեսզի զրոյից հասնես պրոֆեսիոնալ մակարդակի, կպահանջվի 2.5-3 տարի։ Սակայն սրանք հաստատուն ու անփոփոխ թվեր չեն։ Այսպիսի, կամ ավելի լավ արդյունքի հասնելու համար պետք է համադրվեն ճիշտ մեթոդի կիրառումը, ժամանակի ճիշտ բաշխումը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը։

Տարբեր մարդիկ տարբեր կերպ են օտար լեզուներ սովորում։ Ոմանց համար կարևոր է մասնակցել խմբային դասերի ու այլ մարդկանց հետ շփվելով օտար լեզուներ սովորել։ Ոմանք չեն կենտրոնանում այլ մարդկանց ներկայությամբ ու պետք է անհատական դասերի հաճախեն։ Ոմանք էլ դասերի կարիք առհասարակ չունեն ու կարող են միայնակ պարապել։

Եթե ուզում ես ակնհայտ արդյունքներ գրանցել, նախ ընտրիր լեզուն սովորելու քեզ համար լավագույն մեթոդը։

  • Եթե սկսնակ ես, փորձիր մի քանի ամիս դասերի հաճախել, որպեսզի հետագայում ճիշտ հիմքի վրա կառուցես գիտելիքդ։
  • Եթե ուզում ես մի փոքր բարելավել ունեցածդ գիտելիքը, օգտվիր լեզուներ սովորելու հավելվածներից, գրքեր կարդա ու ֆիլմեր դիտիր։
  • Եթե ուզում ես պրոֆեսիոնալ մակարդակի հասնել, անհատական պարապմունքների հաճախիր։

Հետաքրքիրն այն է, որ լեզուներ սովորելիս ամենաարդյունավետ լուծումը տարբեր մեթոդների համարդումն է, այսինքն ճիշտ կլինի, որ և դասերի հաճախես, և ֆիլմեր դիտես, և գրքեր կարդաս։ Կարճ ասած՝ լավագույն արդյունքի հասնելու համար պիտի ամբողջովին տեղափոխվես օտար լեզվի գայթակղիչ ու բացահայտումներով լի աշխարհ։

Լավագույն արդյունքի հասնելու համար օտար լեզու սովորելուն պետք է հատկացնել օրական ամենաքիչը երկու ժամ, սակայն այդ երկու ժամերը պետք է շատ ճիշտ օգտագործել։ Եթե երկու ժամում միայն քերականություն սովորես, կամ միայն գիրք կարդաս, դա քեզ չի օգնի անգլերենիդ մակարդակը բարելավելու հարցում,  կամ կօգնի, բայց փոփոխությունները շատ ուշ ակնհայտ կլինեն։

Եթե վերցնենք լեզվի չորս հիմնական բաղադրիչները՝ ընթերցանություն, գրավոր խոսք, բանավոր խոսք և ունկնդրում, և երկու ժամը հավասարապես տրամադրենք այս չորս բաղադրիչներին, կարելի է ասել, որ սա կլինի հարցի կատարյալ լուծումը։ Բայց կրկին մեկ այլ հարց է առաջ գալիս՝ ո՞ր ունակությունն է թույլ, ո՞րը պետք է զարգացնենք։ Գուցե հիանալի բառապաշար ունենք, բայց քերականական վատ գիտելիք, կամ հակառակը։ Ուստի նախ պետք է գնահատել ուժեղ ու թույլ կողմերը, ու ժամանակը ճիշտ բաշխել՝ հատկացնելով թույլ կողմերը զարգացնելուն։

Այնուամենայնիվ, եթե հստակ արտահայտված ուժեղ ու թույլ կողմեր չկան, առաջնորդվիր իմ նախնական առաջարկով՝ օրական կես ժամ ընթերցանություն, կես ժամ բանավոր խոսք, կես ժամ գրավոր խոսք ու կես ժամ ունկնդրում։

Օտար լեզու սովորելիս պետք է միշտ կարողանաս ճիշտ գնահատել ունեցածդ գիտելիքի քանակը, կարողություններդ ու պատրաստակամությունդ։ Այն հարցին, թե որքան ժամանակում կարող ես առանց որևէ նախնական գիտելիքի պրոֆեսիոնալ մակարդակի տիրապետել անգլերենին, պատասխանը հետևյալն է՝ միջինում 2-3 տարում, բայց թե ինչպես դու կկառավարես այդ ժամանակը, քանի ամիս կավելացնես կամ կկրճատես այդ տարիներից, ինքդ պիտի պատասխանես։

Ուրեմն գտիր քեզ համար լավագույն տարբերակը ու չմոռանաս կարդալ այս հոդվածները, որոնք կօգնեն քեզ ավելի արագ հասնել նախատեսված նշանակետին։

5 ֆիլմ անգլերեն սովորելու համար
Լեզուներ սովորելու լավագույն ուղին՝ Course.am
Ինչպես անգլերենը կօգնի քեզ աշխատանք գտնել