search
-
Մեկնարկ
Ավարտ

Ինչո՞ւ սովորել իսպաներեն

Ինչո՞ւ սովորել իսպաներեն

Անկախ այն հանգամանքից, որ իսպաներենը աշխարհում ամենատարածված լեզուներից մեկն է, Հայաստանում այն սկսել է ուսումնասիրվել համեմատաբար վերջերս։ Դեռ մի 15-20 տարի առաջ առնվազն տարօրինակ էր հնչում, երբ մեկն ասում էր, որ սովորում է իսպաներեն։ Զրուցակիցն անպայման հետաքրքրվում էր՝ ինչի՞դ է պետք։ Խորհրդային տարիներին ընդհանրապես ոչ մի պետական ուսումնական հաստատությունում իսպաներեն չէր դասավանդվում, հետո բացվեց ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի իսպանական բաժինը, 1-2 դպրոցներում սկսեցին դասավանդել իսպաներեն, և այդպես իսպաներենը, որպես օտար լեզու, մուտք գործեց մեր իրականություն։ Հավանաբար մարդկանց ավելի լայն շրջանակի համար այն դեռ մնում է հեռուստասերիալների, գեղեցիկ երգերի լեզու, մինչդեռ իսպաներենը աշխարհի երկրորդ ամենախոսվող լեզուն է՝ ըստ մարդկանց քանակի, ովքեր այն օգտագործում են որպես մայրենի լեզու, և երրորդը՝ որպես միջազգային հաղորդակցման լեզու։

Հիմա բավականին տարածվել է իսպաներենի ուսուցումը Հայաստանում, իսկ հետաքրքիր է՝ ինչու՞ են մարդիկ սովորում իսպաներեն։ Ես, օրինակ, իսպաներեն սովորու որոշում չեմ կայացրել, սկսել եմ սովորել դպրոցից, բայց սիրահարվել եմ այս չքնաղ լեզվին անվերադարձ և որոշում եմ կայացրել կյանքս կապել նրա հետ։

Եթե դու էլ հետաքրքրված ես այս գեղեցիկ լեզվով, ապա միացիր մեր ֆեյսբուքի խմբին՝ #Tutor_Spanish_Club ու ակտիվ մասնակցիր իսպաներեն սովորելու մասին բոլոր քննարկումներին։

Հիմա փորձենք պարզել՝ ինչու՞ սովորել իսպաներեն։ Առհասարակ օտար լեզուներ սովորելը շատ լավ է, և մեզ՝ հայերիս մոտ դա շատ լավ է ստացվում, բայց ինչու հենց իսպաներեն։ Փորձեմ հիմնավորել։

Իսպաներենը աշխարհում ամենաշատ խոսվող լեզուներից մեկն է

Արդեն վերևում խոսեցինք այս թեմայի մասին, բայց եկեք հասկանանք, թե մեզ ինչ հնարավորություններ է դա տալիս։

Իսպաներենը պետական լեզու է աշխարհի 21 երկրներում և ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը։ Բացի այդ, այն ամենատարածվածն է ԱՄՆ-ում որպես օտար լեզու, և եվրոպացիների 16%-ը նույնպես ընտրում է իսպաներենը որպես օտար լեզու։ Եվ այս ցուցանիշները անընդհատ աճում են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2030 թ.-ին աշխարհի 7.5%, իսկ Եվրոպայի 20%-ը կհասկանա իսպաներեն։ Սա մեծ հնարավորություններ է տալիս հեշտությամբ հաղորդակցվել արտաքին աշխարհի զգալի մասի հետ, լինի դա ուսման, աշխատանքի, թե ճանապարհորդելու միջոցով։

Եթե դու ցանկություն ունես սովորել կամ աշխատել արտասահմանում, բնականաբար, տիրապետում ես անգլերենի, բայց դա ոչ մի առավելություն քեզ չի տա այնտեղ, դա պարտադիր պայման է դարձել մեր օրերում գոնե A1-A2 մակարդակի անգլերեն իմանալ։ Իսկ այ մեկ այլ օտար լեզու իմանալը, մեր դեպքում իսպաներեն, քեզ հնարավորություն կտա լինել ավելի մրցակցային աշխատաշուկայում, հատկապես եթե դա Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ Հարավային Ամերիկայում է։

Իսպաներենը բավականին հեշտ լեզու է

Բացի նրանից, որ իսպաներենը տարածված լեզու է, այն, ի ուրախություն սովորողների, բավականին հեշտ է յուրացնել, հատկապես, եթե տիրապետում ես ռոմանագերմանական որևէ լեզվի, օրինակ՝ անգլերեն, ֆրասերեն, իտալերեն և այլն։ Ուսանողները բավականին ոգևորվում են, երբ հենց առաջին դասին, մի երկու փոքրիկ կանոնի ծանոթանալուց հետո, սկսում են վարժ կարդալ։ Իսպաներենը երգեցիկ լեզու է, ականջին հաճելի, բառերը սովորաբար շատ երկար չեն և այդ պատճառով հեշտ են հիշվում և արտաբերվում։ Անգլերենի համեմատ գուցե քերականությունն է ավելի բարդ, բայց հաղթահարելի է ցանկության դեպքում։

Համաձայն ամերիկյան Foreign Service Institute (FSI) -ի՝ իսպաներենի B2 մակարդակի վստահ տիրապետելու համար անհրաժեշտ է 600 դասաժամ, այս թիվը իհարկե կախված է շատ գործոններից, օրինակ, սովորողի մայրենի լեզուն, ուրիշ լեզուներին տիրապետելը, անհատական կարողությունները և այլն։ Իմ փորձից ելնելով վստահաբար կարող եմ ասել, որ մեկ տարվա ընթացքում կարելի է հասնել բավականին լավ արդյունքի, եթե պարապես ջանասիրաբար։

Ճանապարհորդիր և շփվիր

Ես չգիտեմ դու ինչ ես պատկերացնում լավ ճանապարհորդություն ասելով։ Եթե քեզ համար բավական է զբոսավարի ուղեկցությամբ այցելել տեսարժան վայրեր և թանգարաններ նոր երկիր ճանաչելու համար, կարող ես այս կետը շրջանցել։ Իսկ եթե սիրում ես բացահայտել նոր երկիրը, թափառել անծանոթ փողոցներով, հարցուփորձ անելով գտնել հետաքրքիր վայրեր, ճանաչել հասարակ մարդկանց կենցաղը, ծանոթանալ նրանց ավանդույթներին ու կենսակերպին, ուրեմն պետք է խոսես, խոսես իրենց լեզվով։ Այդ դեպքում քո ճանապարհորդությունները կլինեն շատ ավելի հետաքրքիր ու հիշարժան:

Ճանաչիր իսպանախոս աշխարհի հարուստ մշակույթը

Եթե դու գրքերի սիրահար ես, ուրեմն հաստատ հասկանում ես գործը բնագրով կարդալու հաճույքը։ Իսպանական գրականություն ասելով չենք հասկանում միայն Իսպանիայի գրողներին, ճիշտ կլինի ասել իսպանախոս գրականություն, քանի որ լատինամերիկյան գրականությունը շատ հարուստ է, չնայած հայ ընթերցողին այդքան էլ ծանոթ չէ։ Թերևս պատճառը թարգմանությունների բացակայությանն է եղել, բայց իմանալով իսպաներեն՝ դու կարող ես կարդալ բնօրինակով Մարկես, Բորխես, Կորտասար, Ներուդա, Վարգաս Լյոսա և շատ այլ համաշխարհային գրականության մեջ մեծ ներդրում ունեցած հեղինակների։

Իսկ թե ինչպես սովորել իսպաներեն, որ մեթոդներն են ավելի արդյունավետ, ինչպես թարմ պահել գիտելիքներդ ու չմոռանալ սովորածը, կպատմեմ իմ հաջորդ հոդվածներում, եթե չես ուզում բաց թողնել դրանք, չմոռանաս միանալ մեր խմբին։

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close