-

Ինչպես անգլերենը կհարստացնի քեզ ու ինչու արժե վճարել այն սովորելու համար

Ո՞րն է վերջին իրը, որ գնել ես ու որքա՞ն գումար ես ծախսել դրա վրա և ինչո՞ւ էր այն քեզ անհրաժեշտ։

Այսօր որոշել եմ պատմել, թե ինչու արժե կատարել խնայողություններ ու այդ գումարը ներդնել օտար լեզու սովորելու մեջ։

Այն, որ անգլերեն իմանալն անհրաժեշտ է աշխատանք գտնելու կամ ավելի շատ գումար վաստակելու  համար, կարծես թե բոլորս էլ պատկերացնում ենք, բայց այս պատկերացումները շատ աղոտ են։ Շատերը հասկանում են, որ պետք է սովորեն անգլերեն, բայց պատրաստ չեն վճարել դրա համար, կամ շատ քիչ գումար են նախատեսում հատկացնել անգլերենի դասերին։ Շատերը կարծում են, որ չարժե վճարել դասերի հաճախելու համար, և իրենք ինքնուրույն էլ կարող են սովորել լեզուն։ Դե արի տեսնենք, թե ինչպես մի փոքրիկ ներդրումը օտար լեզու սովորելու մեջ կարող է կրկնակի կամ եռակի արդյունք բերել քեզ։

Մինչ այդ, չմոռանամ ասել, որ անգլերեն սովորելու հետ կապված ցանկացած հարցի պատասխան կարող ես գտնել ֆեյսբուքի մեր խմբում՝ English Learners Club-ում։

Պարզապես մի պահ ետ նայիր ու մտածիր, թե ինչերի վրա ես ծախսում վաստակածդ գումարը։ Եթե անգամ եկամուտդներդ քիչ են, ու դրանք ծախսվում են առաջին անհրաժեշտության կարիքները բավարարելու համար, այդ դեպքում ևս խնայել հնարավոր է։Հայաստանում վերջին մի քանի տարիների միջին աշխատավարձը 165-180000 դրամ է։ Օտար լեզվի դասընթացի ամսական գինը միջինում չի անցնում 40 000 դրամը։ Միջին հաշվարկով ամսական ծախսելով 25-30 000 դրամ՝ մի քանի ամսում կարող ես սովորել օտար լեզուն այնքան, որ աշխատանք գտնես։ Եթե օտար լեզու սովորելու վրա ծախսես մոտ 4 ամիս, իսկ շատ աշխատելու դեպքում՝ գուցե՝ ավելի քիչ, ապա ծախսելով ամենաշատը 160000 դրամ՝ ցանկացած ոլորտում կգտնես աշխատանք, որտեղ մեկ ամսում այդքան գումար կստանաս։  Աշխատանքի հայտարարություններ տարածող կայքերից ցանկացածում կարող ես ուսումնասիրել հայտարարությունները ու կտեսնես, որ տասից իննում անգլերենի իմացությունը պարտադիր է։ Եթե այս պահին աշխատանք չունես ու չես տիրապետում անգլերենին, հավատա՝ ամենակարևոր քայլը հենց անգլերեն սովորել սկսելն է։

Հասկանալի է, որ ամսական 25-30000 դրամը բավականին շատ է թվում օտար լեզու սովորելու համար, հատկապես այն դեպքում, երբ քիչ ես վարձատրվում, կամ աշխատանք չունես։ Բայց ինչո՞ւ արժե գնալ այդ «ռիսկին» ու տրամադրել գումարը։ Որովհետև իրականում այդ գումարը ներդրում է հետագայում ավելի շատ գումար վաստակելու մեջ։ Պատկերացրու, որ անգլերեն իմանալու դեպքում ոչ միայն աշխատանք կկարողանաս գտնել ամենատարբեր ոլորտներում, այլև անգամ տնից կարող ես աշխատել, որովհետև հիմա շատ են այն կայքերը, որտեղ կարող ես գրանցվել որպես freelancer ու աշխատել։  Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե արդեն աշխատանք ունես, ապա կարիերայում առաջընթաց գրանցելու ամենակարևոր գրավականը հենց անգլերեն իմանալն է։ Գուցե ունես բոլոր հմտություններն ու կարողությունները, բայց չես կարող ավելի բարձր պաշտոնի հավակնել միայն այն պատճառով, որ օտարերկրացիների հետ շփվել չես կարող։ Բացի այդ, կան ոլորտներ, որտեղ միայն անգլերեն իմանալու դեպքում քեզ աշխատանքի կընդունեն, օրինակ ինֆորմացիոն տեխնոլոգիաները։

Իհարկե օտար լեզու սովորելիս ինքնուրույն աշխատանքը շատ կարևոր է։  Աշխատանքի 70 տոկոսը պիտի միայնակ անես։ Բայց միայնակ սկսել օտար լեզու սովորել պարզապես չարժե, որովհետև շատ երկար ժամանակ տեսանելի արդյունքի չես հասնի։ Եթե կարողանում ես ինքնուրույն ճիշտ կառավարել ժամանակդ ու շատ ընդունակ ես, գոնե մեկ ամսով կարող ես դասերի հաճախել, որպեսզի ուսուցիչը ճիշտ ուղղություն տա, թե ինչից սկսել, ինչերի վրա ուշադրություն դարձնել, ինչպես արդյունավետ պարապել։  Այնուհետև ինքդ կշարունակես միայնակ ուսումնասիրել լեզուն ու որոշ ժամանակ անց կարող ես դիմել ուսուցչին տարբեր հարցերով։ Բայց հույսը դնել նրա վրա, որ միայնակ կարող ես այնպես սովորել անգլերենը, որ գրագետ խոսես, պարզապես չարժե՝ հաշվի առնելով, թե այդ լեզվի որքան տարբերակներ կան և որքան շատ է այն փոփոխությունների ենթարկվում։

  • Անգլերենի իմացությունից հետո ավելի հեշտ աշխատանք կգտնես ցանկացած ոլորտում՝ սպասարկում, ադմինիստրացիա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, կրթություն, տուրիզմ և այլն։
  • Անգլերենի իմացությունից հետո ավելի շատ կկարողանաս ճանապարհորդել, ընդ որում հաճախ անվճար՝ մասնակցելով տարբեր միջազգային ծրագրերի։
  • Անգլերենի իմացությունից հետո ավելի շատ կվարձատրվես, որովհետև կկարողանաս հավակնել այլ պաշտոնների կամ այլ աշխատանքներ կատարել։
  • Ամբողջ աշխարհում օտար լեզու իմացող աշխատակիցներն ավելի շատ են վարձատրվում, քան նրանք ովքեր միայն մայրենիին են տիրապետում։
  • Դեռևս 1990-2000-ականներին ԱՄՆ-ում բնակվող այն հայերը, որոնք անգլերենի իմացության միջին կամ միջինից ցածր մակարդակ են ունեցել, տարեկան կարողացել են վաստակել 30-45000 ամերիկյան դոլար։