search
-
Մեկնարկ
Ավարտ

Հնարավո՞ր է միայնակ օտար լեզու սովորել

Կա՞ մի մարդ, որը չի ուզում օտար լեզու սովորել կամ չի հասկանում օտար լեզու սովորելու կարևորությունը։ Կարծում եմ՝ շուտով դժվար կլինի գտնել մեկին, որը չի տիրապետում առնվազն մեկ օտար լեզվի։ Օտար լեզուներ սովորելը, թվում է՝ այժմ ավելի է հեշտացել համացանցում առկա բազմաթիվ նյութերի, ուսումնական բլոգների ու տարբեր հավելվածների շնորհիվ։ Բայց արդյո՞ք հնարավոր է միայնակ սովորել օտար լեզուներ, կամ արժե՞ արդյոք։ Արի միասին պարզենք։

Սահմանիր հստակ նպատակը

Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է սահմանենք նոր օտար լեզու սովորելու նպատակը։ Եթե որոշել ես օտար լեզու սովորել հետաքրքրությունից ելնելով, կամ դա քո հոբբին է, ապա հնարավոր է հասնել մինչև միջին մակարդակի և գոհ լինել արդյունքից։ Օտար լեզվի բառապաշարը կարող ես սովորել տարբեր հավելվածներով, համացանցում կարող ես գտնել լեզվակիրների կամ տվյալ լեզուն ուսումնասիրողների խմբեր, որտեղ քեզ համար օգտակար տեղեկատվության պակաս չի լինի։

Եթե օտար լեզուն սովորում ես որևէ քննություն հանձնելու նպատակով կամ շատ արագ ձգտում ես ավելի բարձր մակարդակի հասնել, ապա այս դեպքում ճիշտ կլինի դիմել մասնագետի օգնությանը։

Տարբեր լեզուներ, տարբեր մեթոդներ

Միայնակ օտար լեզու սովորելը նման է լրիվ օտար աշխարհում հայտնվելուն, որտեղ դժվար է կողմնորոշվել ինչից սկսել ու որտեղ գնալ։ Առաջին պատճառը, թե ինչու ես խորհուրդ չեմ տա միայնակ օտար լեզու սովորել, այն է, որ յուրաքանչյուր օտար լեզու ունի իր առանձնահատկությունները։ Եթե սովորել ես ռուսերեն մի մեթոդով, դա չի նշանակում, որ այդ մեթոդը կարող ես կիրառել նաև մեկ այլ օտար լեզու սովորելիս։ Յուրաքանչյուր լեզվի մասնագետ հստակ գիտի, թե որոնք են այդ լեզվի հեշտ ու դժվար կողմերը ու ինչպես կառուցել դասապլանը, որպեսզի հեշտորեն ընկալես յուրաքանչյուր հատված։ Այդ իսկ պատճառով էլ եթե որոշել ես նոր օտար լեզու սովորել ու մտադրությունդ շատ ավելի լուրջ է, քան ընդամենը մի քանի բառ իմանալն ու ընկերներին զարմացնելը, ապա խորհուրդ կտամ սկզբնական շրջանում դիմել ուսուցչի օգնությանը, որը քեզ որոշակի  խորհուրդներ կտա, թե ինչպես կառուցել ուսումնառությանդ ընթացքը։

Միայնակ օտար լեզու սովորելու վտանգները

  • Օգտվել սխալ աղբյուրներից,
  • Սխալ տեղեկատվություն հիշել,
  • Սխալ ու անարդյունավետ մեթոդ կիրառել,
  • Զուր ժամանակ վատնել անկարևոր ինֆորմացիայի վրա։

Ինչպես ընտրել ճիշտ աղբյուրներ

Եթե որոշել ես միայնակ որևէ օտար լեզու սովորել, ամենակարևոր հարցերից մեկն այն է՝ ինչպես ընտրել ճիշտ նյութեր, ինչ աղբյուրներից օգտվել և այլն։ Երբ սկսում ես օրինակ անգլերեն սովորել, այն էլ միայնակ, հիշիր, որ պետք է հավասարաչափ ժամանակ տրամադրես 4 հմտությունները զարգացնելու համար՝ գրավոր խոսք, բանավոր խոսք, ընթերցանություն ու ունկնդրման հմտություն։ Անգլերենի դեպքում պետք է այբուբենին զուգահեռ սովորել տառադարձությունը, քանի որ այստեղ մի տառը կարդացվում է տարբեր ձևերով՝ կախված բառի մեջ իր ունեցած դիրքից։ Կարող ես ինքնուսույցներով սկսել պարապել, իսկ երբ մի փոքր կհասկանաս լեզուն, անցնել վիդեոդասերի։ Փորձիր գտնել յութուբյան այնպիսի ալիքներ, որտեղ դասերի հստակ հերթականություն կա և դասերը բաժանված են ըստ մակարդակների։ Եթե արդեն որոշակի մակարդակի տիրապետում ես, վիդեոդասերը հիանալի տարբերակ են, որովհետև կկարողանաս լավ հասկանալ, թե ինչ է բացատրվում։ Ընտրիր այնպիսի վիդեոդասեր, որոնք վարում են հենց լեզվակիրները։  

Անգլերեն սովորելու համար, կարող ես օգտվել հետևյալ աղբյուրներից՝

Grammarly Blog
BBC Learning English
British Council-learn English

Վերջում ուզում եմ կիսվել նաև մի թեդ ելույթով, որտեղ 8 լեզվի տիրապետող Լիդիա Մաչովան պատմում է նոր օտար լեզու սովորելու իր գաղտնիքները

Եթե ուզում ես անգլերեն սովորել, այս լեզուն սովորելու հետ կապված հարցեր ունես, ապա միացիր մեր ֆեյսբուքի խմբին՝ English-Learners-Club-ին։

Իսկ անգլերենի բառապաշարը զարգացնելու համար կարող ես օգտագործել Tutor Platform հավելվածը՝ անդրոիդի և IOS-ի համար։

Չմոռանաս կարդալ նաև այլ հոդվածներ՝
Ինչպես անգլերենը կհարստացնի քեզ ու ինչու արժե վճարել այն սովորելու համար
Ինչպե՞ս սկսել գերմաներեն սովորել
Ինչո՞ւ սովորել իսպաներեն

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close