-

Ինչպե՞ս ընդունվել համալսարան Գերմանիայում

Եթե հիմա սովորում ես գերմաներեն, ուրեմն հաստատ եղել է մի պահ, որ ուզել ես Գերմանիայում համալսարան ընդունվել, ինչ-որ կամավորական, կամ այլ ծրագրի մասնակցել։ Այդ ամենի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող ես միանալ մեր ֆեյսբուքյան խմբին՝ Tutor German Club։
Իսկ այնտեղ կրթություն ստանալու համար պետք է սկսես հստակ քայլերից՝

Նախ որոշիր թե ինչ մասնագիտությամբ ու որ համալսարանում ես ուզում սովորել։ Համալսարանը կարող ես ընտրել DAAD-ի կամ  uni-assist-ի պաշտոնական կայքերի միջոցով։ Քեզնից միայն պահանջվում է նշել, թե որ երկրից ես ու կտեսնես համալսարանների ամբողջական ցանկը։ Բոլոր համալսարանները ներկայացված են քարտեզի վրա ու ավելի շատ տեղեկություն ստանալու համար կարող ես մտնել հենց համալսարանի պաշտոնական կայքը։ Ինչպես Հայաստանում, այդպես էլ Գերմանիայում հետևյալ մասնագետների մեծ պահանջարկ կա՝ մանկավարժներ, բժիշկներ ու բուժքույրեր, ծրագրավորողներ, հաշվապահներ, իրավաբաններ ու սոցիալական մեդիայի մասնագետներ։ Բայց դա չի նշանակում, որ եթե նշվածներից ոչ մեկը քո ընտրած մասնագիտությունը չէ, ուրեմն չես գտնի համապատասխան համալսարան։

Նայիր, արդյոք ընտրածդ մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի Գերմանիայում թե՝ ոչ։ Ըստ այդմ, գուցե, կարիք լինի ավելի մեծ քանակով փաստաթղթեր ներկայացնելու ու մասնակցելու մրցակցությանը, իսկ շատ հաճախ ընդունելությունը հնարավոր չէ առանց միջնորդ կազմակերպության, որը նախնական ստուգման ու որակավորման է ենթարկում քո դիմումը, ինչից հետո միայն փաստաթղթերը ուղարկվում են համապատասխան համալսարան։ Իսկ որոշ համալսարանների կարող ես դիմել միայն uni-assist-ի միջնորդությամբ։ Օրինակ, եթե որոշես ընդունվել Բեռլինի համալսարաններից որևէ մեկը, ապա պետք է անպայման դիմես uni-assist-ի օգնությանը։ Իրականում դա ծախսատար է, քանի որ առաջին համալսարանին դիմելու համար պետք է վճարես 75 եվրո, իսկ ցանկացած հաջորդ ֆակուլտետի կամ ուրիշ համալսարանի դիմելու համար հավելյալ 35 եվրո։

Ընդունելության դիմումը ներկայացնելու համար պետք է կամ միանգամից ընտրած համալսարանի ընդունելության հիմնադրամին դիմես, կամ էլ ինչպես արդեն վերևում ասել եմ՝ միջնորդ կազմակերպությանը։ Կախված նրանից, թե որ երկրից ես, ինչ կրթություն կամ ինչ դիպլոմ  ունես, նրանք քեզ կուղղորդեն համապատասխան ճանապարհով։

Ընդունելության փաստաթղթերը  պետք է համապատասխանեն համալսարանի պահանջներին։ Քանի որ Հայաստանը Եվրամիության անդամ երկիր չէ, մեր դիմորդների հայտերին ավելի մանրամասն ու խիստ են մոտենում։ Սրանք այն փաստաթղթերն են, որոնք պահանջում են բոլոր համալսարանները՝

ա.Դիպլոմի հաստատված պատճենը
բ.Դիպլոմի միջուկ(Transcript)՝ գերմաներեն կամ անգլերեն(ըստ համալսարանի պահանջի)
գ.Անձնագրի ստանդարտներին համապատասխան նկար
դ.Անձնագրի պատճենը
ե. Լեզվական գիտելիքների վկայականի հաստատված պատճենը

Ուշադիր եղեք, որ բոլոր պատճենները նոտարի կողմից հաստատված լինեն։ Հակառակ դեպքում նրանք վավեր չեն համարվի ու չեն դիտարկվի որպես դիմումի մի մաս։

Համալսարանների մեծ մասում հիմնական ընդունելությունը ձմեռային կիսամյակին է սկսվում ու եթե ուշացնես դիմումդ կամ ուզենաս դիմել ամառային կիսամյակի համար՝ կարող է չընդունվես ու մի տարի կորցնես։ Դրա համար դիմելուց առաջ լավ ուսումնասիրիր ցանկացած համալսարանի ընդունելության պայմանները, բոլոր մանրամասները ու չմոռանաս վերջնաժամկետների մասին։ Դրանից բացի, ընտրիր այն համալսարանը, որը շատ դիմորդներ չունի ու մրցակցությունը փոքր կլինի։ Այսպիսով, ավելի մեծ կլինի ընդունվելու հավանականությունը։ Ու խորհուրդ կտայի դիմումը ներկայացնելու գործերը սկսել ընդունելության վերջնաժամկետից երկու ամիս առաջ, հնարավոր թյուրիմացություններից խուսափելու ու ավելի մեծ շանսեր ունենալու համար։

Եղիր համարձակ, նպատակասլաց ու քեզ մոտ ամեն ինչ կստացվի։
Կարդա նաև այս հոդվածները՝
4 պատճառ գերմաներեն սովորելու համար
Ինչպե՞ս սկսել գերմաներեն սովորել
Որքա՞ն արժե օտար լեզու սովորելը