search
-
Մեկնարկ
Ավարտ

Ինչքա՞ն ժամանակում կսովորես գերմաներեն

Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ կասեն գերմաներենը հեշտ լեզու չէ, որ կարճ ժամանակում սովորես և չեն սխալվի։ Հարցն այն է, թե ինչ ասել է կարճ կամ երկար ժամանակ։ Եթե ունես հստակ նպատակ ու կարող ես շատ ինտենսիվ պարապել, ուրեմն շատ ավելի կարճ կտևի որոշակի մակարդակի հասնելը: Սա էլ իր հերթին բավականին ինդիվիդուալ է, քանի որ տարբեր մարդիկ լեզուն ընկալելու տարբեր կարողություններ և հնարավորություններ ունեն։

2-3 ամիսը լիարժեք բավարար է մի մակարդակից մյուսին անցնելու համար՝ այն դեպքում, երբ դու բավարար ժամանակ ես տրամադրում լեզվին վարժ տիրապետելու համար։ Ամեն օր 3 ժամ հատկացնելու դեպքում՝ դա համարյա համարժեք կլինի նրան, եթե դու ապրեիր լեզվակիրների հետ նույն միջավայրում։ Եթե պարապում ես ոչ ամեն օր, բայց էլի մի քանի ժամով, ապա դա կոչվում է ակտիվ ուսուցում, բայց նույնը չէ, ինչ ամեն օր մի քանի ժամով «տանջվելը»։ Իսկ եթե շաբաթվա մեջ մի երկու օր ես հատկացնում լեզվին ու այն էլ կարճ ժամանակով ու տնային աշխատանքներ չես անում, կամ չես սովորում նոր բառեր, ապա դա շատ քիչ է ու երկար ժամանակ կպահանջվի, հաստատուն գիտելիքներ ձեռք բերելու համար։ Սովորելու այս ձևը կանվանենք «աշակերտի սինդրոմ»։ Այսինքն դու ստիպված ես կամ քեզ ստիպված ես համարում, լեզուն սովորել, բայց իրականում չունես ցանկություն կամ բավականաչափ մոտիվացված չես, հիշում ես դասից զուտ մի քանի դրվագ, բառ կամ արտահայտություն ու բավարարվում ես այդքանով։

Ժամանակի ճիշտ բաշխման մասին արդեն խոսեցինք, բայց նաև հիշենք, որ լեզուն ընկալելու և սովորելու համար տարբեր մեթոդներ կան։ Մեկի մոտ տեսողական հիշողությունն է շատ ուժեղ զարգացած, իսկ մյուսի մոտ՝ լսողականը, մեկը ամաչում է խմբի մոտ խոսելուց, իսկ մյուսը չի սիրում անհատական դասընթացները։ Այս բոլոր հարցերով պետք է զբաղվի ու այդ ամենին պետք է ուշադրություն դարձնի ոչ միայն դասավանդողը, այլև ուսանողը, քանի որ եթե դու ինքդ չես վերլուծում քո ուղեղի աշխատանքը, ուսուցչիդ ավելի դժվար կլինի գտնել քեզ ամենահամապատասխան մեթոդը։ Շատ կարևոր է նաև գտնվել գերմանախոս միջավայրում, կամ ստեղծել այն, եթե ապրում ես Հայաստանում։ 

Բայց կախված նրանից, թե ինչ մակարդակի գիտելիքներ ունես այս պահին` կտեսնես գիտելիքների զարգացման տարբեր ընթացքներ։ Եթե աշխատասեր ես, հեշտ ես սովորում նոր լեզուներ, գիտես ռուսերեն և/կամ անգլերեն, ապա շատ ավելի հեշտ կլինի մեկ այլ լատինական ծագման լեզվի տիրապետելը։ Շատ շփվիր գերմաներենով, լսիր գերմանական երաժշտություն, նայիր գերմաներեն ֆիլմեր, ուշադրություն դարձրու քերականությանը, ու քեզ մոտ ամեն ինչ կստացվի։

Հ.Գ.
Իսկ ի՞նչ է պետք գերմանախոս հասարակությունը հենց Հայաստանում ստեղծելու համար. հնարավորինս ակտիվ լինել, ձեռք բերել գերմանախոս ընկերներ, սկայպով շփվել, կամ  հաճախակի հանդիպել նրանց հետ, գնալ էքսկուրսիաների, ցույց տալ քաղաքի տեսարժան վայրերը և այլն։ Ես ինքս էլ իմ ճանապարհը սկսել եմ գերմանախոսների հետ շփումով, ուղղակի այն տարբերությամբ, որ սովորել եմ գերմանական թեքումով դպրոցում ու միշտ եմ ունեցել շփում կամավորների, տարբեր ուսուցիչների հետ։
Կարդա նաև՝
4 պատճառ գերմաներեն սովորելու համար
Ինչպե՞ս սկսել գերմաներեն սովորել
Որքա՞ն արժե օտար լեզու սովորելը

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close