search
-
Մեկնարկ
Ավարտ

Գերմաներեն Քննություններ

Նրանք, ովքեր օտար լեզուներ են պարապում, կամ տիրապետում են ինչ-որ լեզվի հաճախ կարիք են ունենում որևէ վկայականի, որը կհաստատի նրանց լեզվական գիտելիքները։ Գերմաներենի լեզվական մակարդակի վկայական ստանալու պատճառները կարող են լինել շատ տարբեր՝ ուսում, ամուսնություն, աշխատանք և այլն։

Ահա այն քննությունները, որոնք հանձնում են գերմանախոսները այս կամ այն նպատակի համար`

  • Գյոթեի վկայական (A1-C2)
  • Telc (A1-C2)
  • Test daf, ÖSD, DSD

Կան քննություններ որոնք միայն Գերմանիայում են անցկացվում՝ համալսարան ընդունվելու համար, օրինակ՝ DSH:

Տարբեր մակարդակների թեստերը տարբեր բարդության են, բայց բոլոր քննություններում կա մեկ ընդհանուր բան, դա տեստի կառուցվածքն է։ Ցանկացած քննություն կազմված է չորս մասից՝ կարդալ, լսել, գրել և բանավոր խոսք։

Հիմա մի քիչ ավելի մանրամասն ներկայացնեմ քննություններից յուրաքանչյուրը։

DSD // Das Deutsche Sprachdiplom

Սա միակ անվճար քննությունն է ու նախատեսված է դպրոցականների համար, որը կարող են հանձնել միայ այն աշակերտները, որոնք սովորում են այն դպրոցներում, որոնք կոչվում են Pasch-Schulen:Partner der Zukunft։ Ու պայմաններից մեկը այն է, որ աշակերտները արդեն մի քանի տարի դպրոցում գերմաներենը որպես օտար լեզու սովորած լինեն։

Այս վկայականները լինում են երկու տիպի՝ DSD I ու DSD II առաջինը համապատասխանում է A2-B1 մակարդակներին ու անցողիկ է միայն գերմանական քոլեջների համար, իսկ DSD II -ը համապատասխանում է B2-C1 մակարդակներին և անցողիկ է գերմանական համալսարանների համար։

Goethe Zertifikat

Բաղկացած է վեց մակարդակից՝ A1, A2, B1, B2, C1, C2։

Քննությանը մասնակցելու նվազագույն տարիքը տասնվեց տարեկանն է։ Goethe Zertifikat A1-ը հիմնականում պահաջվում է Au-Pair ծրագրի կամ ընտանիքի վերամիավորման համար։ A2, B1 մակարդակների վկայականները ընդունվում են միայն այն ծրագրերի շրջանակներում, որտեղ հստակ պահանջներ կան, կամ քաղաքացիություն ստանալու համար։ B2, C1 վկայականները պահանջվում են ուսման կամ աշխատանքի համար։

TestDaF // Test Deutsch als Fremdsprache

Այս քննությունը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են ընդունվել համալսարան Գերմանիայում։

Այն B2/C1 մակարդակի քննություն է և առանձնահատկություններից մեկը այն է, որ հանձնում են համակարգչով, իսկ քննությունները անցկացվում են Գյոթե կենտրոնում։

Այն գնահատվում է երեք մակարդակով`

  • TestDaF-Niveaustufe 3 (TDN 3)
  • TestDaF-Niveaustufe 4 (TDN 4)
  • TestDaF-Niveaustufe 5 (TDN 5):

Համալսարան ընդունվելու համար պահանջում են մինիմում TDN 4, կան իհարկե բացառություններ, որտեղ կարելի է ընդունվել նաև եթե մեկ մասից ստացել եք TDN 3։

DSH // Deutsche Sprachprüfung für den Hochschulzugang

Այս քննությունը հանձնում են միայն Գերմանիայում, ու պահանջվում է միայն այն ուսանողներից, ովքեր իրենց նախորդ քննություններից համապատասխան միավորներ չեն հավաքել։

Համալսարանը առաջարկում է վճարովի անցնել քննության կուրսը ու դրանից հետո հնարավորություն է տալիս ուսանողին հանձնել քննությունը ևս մեկ անգամ, որպեսզի դիմորդը չսպասի հաջորդ ընդունելությանը։

DSH-ն անցնում է Գերմանիայի համարյա բոլոր համալսարաններում, բայց ինչպես միշտ կան բացառություններ, կախված տարբեր երկրամասերի կրթական համակարգերի տարբերություններից։ Մի խոսքով այս քննությունը վերջնական փուլն է Գերմանիայում համալսարան ընդունվելու համար։

DSH-ն նույնպես բաղկացած է երեք մակարդակներից՝

  • DSH 1- որին համապատասխանում է B2 մակարդակը
  • DSH 2- որին համապատասխանում է C1 մակարդակը
  • DSH 3- որին համապատասխանում է C2 մակարդակը

Իսկ քննությունը անցակացվում է հենց նույն համալսարանում, ուր ներկայացրել եք ընդունելության դիմումը, նույն տեղից էլ հետո վերցնելու եք քննության վկայականը։

Այսքանը քննությունների մասին։ Լավ նախապատրաստվեք քննություններին, մի լարվեք, մի կենտրոնացեք միայն քերականության վրա, այլ փորձեք հավասարապես զարգացնել բոլոր մասերը և հատկապես բանավոր խոսքն ու լսողականը ու ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։

Հաջողություն եմ մաղթում


Էլյա Ոսկանյան՝ Պոլիգլոտ ուսումնական կենտրոն

ՊՈԼԻԳԼՈՏ ուսումնական կենտրոնը իր գործունեությունը սկսել է 2013 թվականից: Հիմնադրման օրվանից կենտրոնն առաջարկում է լեզուների բարձրակարգ դասավանդում` միջազգային չափորոշիչներին համապատասխան և նորագույն մեթոդներով ու գրականությամբ: Կենտրոնում դասավանդում են միայն վերապատրաստված և փորձառու մասնագետներ:

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close