search
-
Մեկնարկ
Ավարտ

Ինքնաճանաչման օրեր կամ ինքնամեկուսացման առավելությունները

«Տանը մնա», «Ինքնամեկուսացիր», «Ծայրահեղ դեպքում տանից դուրս արի»։ Սրանք ամենատարածված արտահայտություններն են, որ լսում ենք վերջերս, անհանգստանում, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք ՝ ինքնամեկուսացումը համաճարակը հաղթահարելու դեռևս ամենաարդյունավետ միջոցն է։ Տանը մնալու կոչերին հաջորդեցին ինքնակրթության, ինքնազարգացման, ժամանակը արդյունավետ օգտագործելու կոչերը։ Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր սկսեցին կիսվել իրենց՝ ժամանակը արդյունավետ կազմակերպելու փորձով։ Աշխարհի լավագույն համալսարանները, գրադարանները, անցնում են առցանց ռեժիմի՝ տրամադրելով անվճար նյութեր։ Արդեն առցանց թանգարան այցելելն ու թատրոն նայելն էլ եզակի դեպքեր չեն։Իսկ մեզ մնում է մնալ տանը և օգտվել ընձեռված բոլոր հնարավորություններից։ Բայց միևնույն է. տանը ձանձրալի է։ Գրեթե բոլորը գիտեն կամ առնվազն լսել են Homo sapiens (բանական մարդ) արտահայտությունը։ Բացի sapiens (բանական) լինելուց, մարդկանց անվանում են նաև Homo socius (սոցիալական մարդ) ըստ որի՝ մարդը դրսևորում է սոցիալական վարքագիծ, ունի սոցիալական կարիքներ, այսինքն՝ ֆիզիկապես և հոգեպես «ծրագրավորված» է սոցիալական հարաբերություններ ունենալուն։ Եվ այս ամենի բացակայությունը առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ, սթրես, ինչը բացասաբար է ազդում մարդու առօրյայի ու ինքնազգացողության վրա։ Չնայած ինքնամեկուսացումն էլ ունի իր դրական կողմերը։ Նորագույն տեխնոլոգիաների ամենօրյա կիրառումը, ինֆորմացիայի գերհասանելիությունը, տեղեկացվածության բարձր մակարդակը և անհնդհատ «կյանքի ռիթմի մեջ» լինելու ցանկությունը։

Անգլիայի Դուրհամ համալսարանի հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր Thuy-vy Nguyen-ի հետազոտության համաձայն ՝ սոցիալական կյանքից, հասարակությունից մեկուսացումը ունի իր դրական կողմերը։ Ինքնամեկուսացումը թույլ է տալիս բալանսավորել մարդու էմոցիաները, հանգստացնել նյարդեր։ Սովորաբար մարդիկ մեկուսացումը շփոթում են միայնության հետ, որը նրանց մոտ առաջացնում է երևույթի նկատմամբ բացասական տրամադրվածություն և խոչընդոտում է ժամանակը արդյունավետ տնօրինելուն անգամ ինքնամեկուսացման պայմաններում։ Պատահական չէ՝ այսօր մենակությունը բացասաբար է ընկալվում, քանի որ ըստ Քարլետոն համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Քոպլանի (Robert Coplan)՝ պատմականորեն մարդկանց մեկուսացնելը, մենակության մեջ թողնելը օգտագործվել է որպես պատիժ, և խնդիրը նրանում է ՝ հաճախ մենք չենք հասկանում՝ մեկուսացումը ոչ միայն պարտադրանք է, այլև ընտրություն։ Մեկուսացումը հնարավորություն է տալիս կտրվելով կյանքի տեմպից՝ կենտրոնանալ սեփական մտքերի, երազանքների, նպատակների, կյանքի վրա, դադար վերցնել և մտածել այնպիսի բաների մասին, որոնց մոռացության ենք մատնել մեր ամենօրյա, որոշ դեպքերում՝ ստանդարտ կյանքը ապրելով։ Համաձայն The Rest Test առցանց հարցմանը՝ մարդկանց մեծամասնությունը իր գործերը հաջողում է, երբ մենակէ։ Կապ չունի՝ անհատը էքստրավերտ է, թե ինտրովերտ․ յբոլորս էլ կարիք ունենք ազատվելու ամենաօրյա ճնշումներից և պարտավորություններից։ Ինքնամեկուսացումը օգտակար է նաև սոցիալական որոշ մեկնաբանություններից զերծ մնալու համար, որոնք ուղղակի կամ անուղղակի իրենց բացասական ազդեցությունը թողնում են։ Ինքնամեկուսացումը օգնում է նաև ճանաչել սեփական ես-ը ու ավելի լավ ճանաչել նաև դիմացինին։  Ուստի ինքնամեկուսացման հակումը կամ պարտադրված ինքնամեկուսացումը իր մեջ ունի դրական հատկանիշներ։

  Ելենա Հարությունյան (Youth Voice)

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close