search
-

Շարունակական կրթությունը Հայաստանում. AUA Open Education

Աշխարհում դեռևս նախորդ դարի յոթանասունականներից սկսեցին շրջանառվել ոչ ֆորմալ (շարունակական) և ինֆորմալ կրթական մոդելները, որոնք այսօր արդեն արմատացած են արևմտյան՝ ամերիկյան կրթական մշակույթում, և կարելի է ասել՝ արմատանում են Հայաստանում նույնպես։ Այս մոդելի արագ արմատավորմանը նպաստեցին նաև համաճարակն ու արտակարգ իրավիճակը։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժինը շուտով համալսարանի հետ կտոնի հիմնադրման երեսունամյակը։ Բաժնի ղեկավար Լուսինե Հայեսի հետ զրուցեցինք շարունակական կրթության նշանակության, AUA Open Education կառույցի գործունեության և նպատակների և համաճարակի պայմաններում կրթական հաստատությունների աշխատելաոճի մասին։

Հայաստանի ամերիկյան համալսարանը հիմնադրվել է՝ հիմքում ունենալով հենց շարունակական կրթություն ապահովելու մոդելը։ Այս մոդելը ենթադրում է, որ համալսարանին կից գործեն շարունակական կրթություն ապահովելու կառույցներ։ Այս կառույցները կրթությունը հասանելի ու մատչելի են դարձնում բոլորի համար։

ՀԱՀ Շարունակական կրթության բաժինը դասընթացներ է կազմակերպում 3-103 տարեկան անձանց համար Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում, և դրա հիմնական նպատակներից մեկը բուն գործնական գիտելիք տալն է մարդկանց։

Այսինքն՝ եթե համալսարանում ուսումանսիրում ենք օրինակ՝ մարքեթինգ, սակայն աշխատավայրում անհրաժեշտ են սոցիալական մեդիա մարքեթինգի ավելի խորը գիտելիքներ ու գործնական փորձ, որը չենք ստացել ակադեմիական կրթությունից, օգնության են հասնում շարունակական կրթության կառույցները։ Այսպիսով՝ շարունակական կրթության դերը արմատանում է, և կգա մի ժամանակ, երբ մարդիկ կարժևորեն ոչ թե դիպլոմ, այլ գործնական, կիրառելի գիտելիք ստանալը։

Հարց է առաջանում՝ «Ինչո՞ւ գնալ համալսարան, եթե կան այնպիսի կառույցներ, որոնք տալիս են աշխատաշուկայում մեր տեղը գտնելու համար անհրաժեշտ գիտելիքը»։

Ակադեմիական կամ ֆորմալ կրթության դերը մարդու ընդհանուր աշխարհայացքի, մտածողության ձևավորումն է։ Համալսարանում սովորում ենք մտածել ու գործել։ Այսինքն՝ չի կարելի ասել, որ շարունակական կրթությունը փոխարինում է համալսարանին, այս կառույցները պիտի գործեն համալսարաններին զուգահեռ, դառնան հետազոտական կենտրոններ և տեղեկացնեն համալսարանին, թե ինչպիսի կրթական ծրագրերի կարիք կա՝ այդպիսով իմաստավորելով համալսարանի գոյությունը։

Իսկ ի՞նչ տարբերություն համալսարանի և շարունակական կրթության կառույցում ուսանելու մեջ, երբ դասախոսական կազմը նույնն է։

Տարբերությունն այն է, որ ակադեմիական դասապլանն այլ է և ուղղված է ավելի շատ տեսական, համապարփակ գիտելիք տալուն, մինչդեռ Շարունակական կրթության կառույցում ուսանողները ստանում են գործնական գիտելիք։ Շարունակական կրթության բաժնի դասախոսները ընտրվում են հետևյալ սկզբունքներով՝

ՀԱՀ-ի դասախոսներ,
Մասնագետներ, որոնք ունեն ոլորտում աշխատանքային մեծ փորձ և դասավանդման փորձ։ Նրանք ընտրվում են երեք փուլով՝ հարցազրույց, գործնական աշխատանք, դեմո դաս։

Շարունակական կրթության բաժինը կազմակերպում է նաև Ամերիկյան համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ քննությունների նախապատրաստական դասընթացներ ոչ միայն Երևանում, այլև մարզերում (մարզերում դասավանդումը անվճար է և այստեղ կազմակերպվում են նաև մասնագիտական և օտար լեզուների հմտությունները բարելավող դասեր), քանի որ կառույցի նպատակը դեպի համալսարան ճանապարհ լինելն է բոլորի համար և որպեսզի մարզերից ուսանողների թիվը հավասարվի Երևանից ընդունվող ուսանողների թվին կամ ավելանա։

Շարունակական կրթության բաժնում նախապատրաստվելիս ՀԱՀ-ի ապագա ուսանողները ստանում են ոչ միայն քննություններ հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքը, այլև պատրաստվում են հենց ՀԱՀ-ի ուսանող դառնալուն՝ սովորում են միջավայրին, համալսարանական տեմպին, մշակույթին, ռիթմին։

Ամերիկյան համալսարանում սովորելը անհասանելի է. ՄԻՖ

Հայաստանի ամերիկյան համալսարան ընդունվելու հետ կապված միֆեր կան և որպես կից կառույց՝ Շարունակական կրթության բաժինը ևս առնչվում է այս միֆերին։ Օրինակ՝ «ՀԱՀ-ում սովորելը թանկ է, կամ անհասանելի է»։ Քչերը գիտեն, որ ՀԱՀ-ը ունի կրթաթոշակի մեծ ֆոնդ և առաջադեմ ուսանողներին տրամադրում է մինչև 99% կրթաթոշակ։ Մինչ օրս ոչ մի ուսանող չի զրկվել կրթություն ստանալու հնարավորությունից ֆինանսական պատճառներով։ Որպես կից կառույց՝ նույն միֆը կա նաև Շարունակական կրթության բաժնի մասին, սակայն այստեղ ուսանելն էլ հասանելի է բոլորի համար։

Ամիսներ առաջ կառույցը կոչվում էր AUA Extension, սակայն որոշակի փոփոխություններից հետո, այն վերանվանվեց ու այժմ կոչվում է Open Education, որպեսզի ամբողջովին համապատասխանի մեր ռազմավարությանն ու նպատակներին։ Ինչպես արդեն ասացինք, նմանատիպ կառույցների նպատակը համալսարանին ուղղորդելն է, թե ինչպիսի ակադեմիական ծրագրեր կազմել, որպեսզի դրանք նպաստեն աշխատաշուկայում և առհասարակ երկրում առկա խնդիրների լուծմանը։

Կրթական հաստատությունները պիտի պատրաստեն այնպիսի նոր մասնագետների, որոնց կարիքը իրոք կա։ Օրինակ՝ այս պահին չունենք հարյուրավոր հաշվապահների կարիք, բայց ունենք waste manager-ների (աղբահանության կառավարիչներ) կարիք։

Այս իմաստով՝ կառույցը կարելի է դիտարկել որպես բարձրախոսի, որին կարող են մոտենալ գործատուները ու հայտնել, թե ինչպիսի մասնագետների կարիք ունեն, անհատները, որոնք կարող են պատմել այն խնդիրների մասին, որոնց լուծումը կրթությունն է։

Դրա համար էլ կարևոր է, որ այս ու նմանատիպ կառույցները ակտիվ գործունեություն ծավալեն նաև մարզերում, որովհետև հենց այստեղ են երկրի խնդիրների մեծ մասը, և այն մարդիկ, ովքեր օրինակ տնտեսվարության մեծ փորձ ունեն և այդ փորձը պիտի համադրեն տեսական գիտելիքի հետ՝ լավագույն արդյունքի հասնելու համար։

Շարունակական կրթության բաժինը նաև թեստավորման կենտրոն է և նպատակ ունի դառնալու միջազգային աշխատաշուկայի համար մասնագետների թեստավորման կենտրոն։

Covid 19-ը իսկական համաշխարհային մարտահրավեր էր բոլոր ոլորտների համար։ Կրթական ոլորտում սակայն, այն կարճ ժամանակում կատարեց այն թվային հեղափոխությունը, ինչը տարիներ շարունակ փորձում էին անել մի շարք կառույցներ։

Համաճարակով պայմանավոված արտակարգ դրության ռեժիմը ստիպեց, որ ավելի արագ անցնենք օրինակ առցանց ուսուցման ռազմավարական քայլերին։ Կարճ ժամանակում կազմակերպվեց հարյուրավոր ուսանողների առցանց ուսուցումը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Սա ապացուցեց, որ կարելի է կրթությունը դարձնել հասանելի թե ֆինանսական, թե աշխարհագրական առումներով։ Ուստի կարելի է ասել, որ համաճարակը ավելի նպաստեց շարունակական կրթության արմատավորմանը Հայաստանում։

Լուսանկարները՝ ՀԱՀ-ի կայքից և ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի արխիվից