search
-
Մեկնարկ
Ավարտ

Խմբային, թե՞ անհատական դասեր

Լեզուների ուսուցման գրեթե բոլոր դպրոցները առաջարկում են դասընթացի անցկացման երկու տարբերակ՝ անհատական և խմբային։ Որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվես դասընթացի տեսակն ընտրելիս, այսօր կպատմեմ այս երկուսի առանձնահատկությունների մասին։

Շփում և համատեղ աշխատանք. Խմբային դասերի ժամանակ հանդիպում ես տարբեր մարդկանց։ Նրանք երբեմն օգնում են առաջադրանքները կատարելիս կամ նրանց շնորհիվ կարող ես դասը տեղում սովորել։ Օրինակ՝ մինչ խմբի անդամները մեկական անգամ ասում են նոր բառը, դու արդեն սովորում ես այն, ու այլևս կարիք չկա տանը նստելու ու միայնակ շարունակ կրկնելու նոր բառերը, որպեսզի հիշես դրանք։ Բացի այդ, խմբային դասերը համեմված են տարբեր հումորներով ու զվարճալի պահերով։

Ոգեշնչում. Խմբային դասերի ժամանակ միշտ առկա է մրցակցային ոգին։ Խմբային դասերը նման են խաղի, որտեղ միշտ պետք է լավ «մարզավիճակ» ունենալ և հետ չմնալ մյուսներից։ Ուստի, անգամ, եթե շատ հոգնած ես ու չես ուզում այդ օրը դասի գնալ, խմբում սովորելը քեզ պարտավորեցնում է երբեք չբացակայել ու միշտ պատրաստ լինել:

Անկաշկանդ միջավայր. Ճիշտ խոսել սովորելու համար հարկավոր է շատ լսել, խոսել և բազմաթիվ սխալնել թույլ տալ։ Ճիշտ է, շատերս վախենում ենք սխալներ թույլ տալուց, սակայն, ի տարբերություն անհատական պարապմունքների, խմբում սովորելը, շարունակ այլ մասնակիցների հետ խոսելը օգնում են հաղթահարել այս վախը։ Չէ որ ավելի հեշտ է, երբ կողքիդ քեզ պես սկսնակ ուսանողներ են, քան հիանալի արտասանությամբ, անսխալական ուսուցիչը։

Կենտրոնացում. Քանի որ անհատական դասերի ընթացքում ուսուցչի ողջ ուշադրությունը միայն քեզ վրա է կենտրոնացած, պետք է միշտ ուշադիր ու զգոն լինես։ Սա առավելություն ու թերություն է միաժամանակ. ուսուցիչը ողջ ջանքերը դեպի քեզ է ուղղում և երբեք անուշադրության չես մատնվում, սակայն շարունակ կենտրոնացումը լարված վիճակ է ստեղծում, և դու շուտ ես հոգնում սովորելու ընթացքից։

Անհատական դասապլան. Դասընթացը պլանավորվում է միայն քեզ համար՝ հաշվի առնելով, թե ինչ ես ցանկանում սովորել կամ որքան ժամանակում։ Ուսուցիչը գնահատում է քո գիտելիքի չափն ու ունակությունները և դասընթացը կազմակերպում այնպես, որպեսզի կարճ ժամանակում հասնեք ցանկալի արդյունքի։ Բացի այդ, միշտ կարող եք անդրադառնալ այն հարցերին, որտեղ դժվարացել ես և աշխատել այն ռեժիմով, որը ձեզ հարմար է։

Հանգիստ միջավայր. Միայն դու և ուսուցիչը. անհատական դասերը ավելի հանգիստ միջավայրում են անցնում։ Ինչ որ պահի սա կարող է նաև միապաղաղություն առաջացնել, որովհետև շարունակ լսում եք միմյանց բառապաշարը ու արտասանությունը և սովորում այդ նույնությանը, սակայն առավելությունն այն է, որ երբեք անտեսված չես ու ստիպված չես սպասել կարծիք հայտնելու կամ հարցեր տալու համար։

Այսպիսով, եթե դեռ երկմտում ես, թե որ տարբերակն է քեզ համար առավել արդյունավետ, փորձիր սահմանել քո լեզվական առաջնահերթությունները։Արդյո՞ք ցանկանում ես բարելավել բառապաշարն ու բանավոր խոսքը, որովհետև ճանապարհորդության ես մեկնելու, թե քեզ համար կարևոր է կենտրոնանալ քերականական կանոններ սովորելու վրա, որովհետև քննության ես պատրաստվում։ Կախված այս հանգամանքներից՝ ավելի ճշգրիտ կընտրես քեզ հարմար լեզվի դպրոցը։ Այդ հարցում քեզ միշտ կօգնի course.am կայքը, որտեղ կգտնես դպրոցները  ըստ վարկանիշի, գտնվելու վայրի ու արժեքի, իսկ Tutor Bot-ը անգլերենի ու գերմաներենի լավագույն ընկեր-ուսուցիչը կդառնա։

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close