search
-

Ե՞րբ և ինչպե՞ս ընտրել խմբային դասեր

Խմբայի՞ն դասերի հաճախել, թե՞ անհատական։ Ինչպե՞ս ընտրել ճիշտ խումբ։ Եթե սրանք ծանոթ հարցեր են, ուրեմն ճիշտ վայրում ես։

Երբ որոշում ենք որևէ լեզու ուսումնասիրել, առաջնային հարցերից է դառնում, թե որ տեսակի դասընթացը ընտրել՝ խմբային, թե՞ անհատական։ Այսօր կպատմեմ, թե որոնք են խմբային դասերի առանձնահատկությունները, և  ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել դասընթացը ընտրելիս։ Բայց նախ ամենակարևոր հարցը՝ ե՞րբ ընտրել խմբային դասեր։

Խմբային դասեր պետք է ընտրել հետևյալ դեպքերում՝

  1. Երբ ցանկանում ես բարելավել բանավոր խոսքը։
  2. Երբ ցանկանում ես ձեռք բերել ընդհանուր գիտելիքներ կամ բարելավել ունեցածդ գիտելիքը։
  3. Երբ ցանկանում ես սովորել՝ լսելով ուրիշներին, ընկերներ ձեռք բերել։

«Խմբային դասեր» անունը կարծես ամփոփում է այս տեսակի դասընթացի բոլոր լավ և վատ կողմերը։ Խմբային դասը նման է թիմային աշխատանքի կամ խաղի, որտեղ մասնակցում ես թիմով։ Եվ եթե երբևէ մասնակցել ես որևէ խաղի թիմով, ապա հենց հիմա երևի պատկերացրիր, թե ինչ նկատի ունեմ։

Մուտք դասասենյակ, նոր մարդիկ, գուցե ապագա ընկերնե՞ր…

Հենց այնպես, ինչպես ֆուտբոլում՝ նույն դասասենյակում հավաքված մարդիկ ուզում են խփել այդ պահին իրենց համար ամենավճռական գոլը՝ սովորել լեզուն։ Եվ հենց այնպես, ինչպես ֆուտբոլում, այստեղ ևս նրանք պիտի ցուցաբերեն թիմային ոգի։ Ընտրելով խմբային դասերը՝ հնարավորություն ունես հանդիպելու մարդկանց, որոնք քո չափ ցանկանում են տիրապետել լեզվին։ Հիշիր, որ այս դեպքում քո կողքին գտնվող մարդիկ փորձում են հաղթահարել նույն վախերը, ինչ դու։ Գուցե՞ նրանք էլ են կաշկանդվում խոսել կամ դժվարանում են կատարել տարբեր առաջադրանքներ։ Եթե հայտնվել եք նույն «թիմում», ապա հավանական է, որ նույն մակարդակի լեզվական գիտելիք ունեք, ուրեմն կարող եք համաչափ քայլերով ու միմյանց օգնելով առաջ գնալ, չէ որ վերջնական նպատակը միևնույնն է՝ տիրապետել այնքան բարդ թվացող, բայց իրականում ոչ այնքան անհասկանալի նոր լեզվին։

Դասասենյակում կողքիդ նստած աղջիկը նկարագրում է իր կատվին և օգտագործում fluffy բառը։ Չգիտեի՞ր, թե ինչ է դա նշանակում։ High Five՝ ես էլ չգիտեի։ Ի միջի այլոց, fluffy նշանակում է փափկամազ, իսկ high five՝ թխի գա։

Խմբային դասերի հաջորդ ակնհայտ առավելությունն այն է, որ այս դասերի ընթացքում լսում ես ուրիշներին ու սովորում նրանցից։ Բացի այդ, դասընկերներդ գուցե ավելի հեշտ բացատրեն առաջադրանքները, կամ նրանց լսելով մինչև տուն գնալը սովորես նոր բառապաշարը։ Այսպիսով, միմյանց փոխանցելով գնդակը (ձեր ունեցած գիտելիքը), ավելի արագ կխփեք ցանկալի գոլը։

Ինչպես թիմային խաղերում, այնպես էլ խմբային դասերի ժամանակ, անհատականությունները հաճախ պետք է

Խմբային դասերը մի շատ ակնհայտ թերություն ունեն՝ անհատական մոտեցման նվազ առկայություն։ Խմբային դասերի ժամանակ ուսուցիչը պետք է կարողանա իր ժամանակը և ուշադրությունը հավասարաչափ տրամադրել խմբի բոլոր ուսանողներին, սակայն այս հարցում երբեք էլ կատարյալ արդյունքի սպասել պետք չէ։ Միշտ մի քանի ուսանող ավելի ակտիվ են, մի քանիսը՝ ոչ այնքան։ Ճիշտ է՝ այստեղ ակնառու են դառնում հենց ուսուցչի մասնագիտական հմտությունները, սակայն պետք է ուշադիր լինել և գնդակը (այս դեպքում խոսքի հնարավորությունն ու ակտիվությունը) շարունակ խաղընկերոջը փոխանցելու փոխարեն, նախաձեռնել սեփական գոլը։

Ահա ա խմբային դասընթացներ եմ առանձնացրել, սակայն մինչ ընտրություն կայացնելը կարդա նաև այն կարևոր կետերը, որոնք առանձնացրել եմ՝ հիմնվելով խմբային դասերի հաճախող ընկերներիս և իմ փորձառության վրա։

Դու վստահ ես, որ կարող էիր խաղալ Բարսելոնայում, բայց քեզ տեղափոխեցին Բանա՞նց։ Սովորաբար մինչ կհայտնվես որևէ խմբում, նախ քննություն ես հանձնում։ Եվ ամենայն հավանականությամբ կհայտնվես այն խմբում, որտեղ որ քո լեզվական մակարդակին մոտ գիտելիքներ ունեցող ուսանողներ են։ Սակայն եթե վստահ լինես, որ հայտնվել ես ավելի թույլ կամ ավելի ուժեղ խմբում, փորձիր այդ հարցը քննարկել ուսուցիչների հետ։ Գուցե կրկի՞ն ստուգեն քո գիտելիքներն ու վերջապես հայտնվես քո «երազանքների թիմում»։

Ես ասացի՞ մարզադաշտ։ Դե հա, նկատի ունեի դասասենյակը։ Ինչո՞ւ է դասասենյակի հարմարավետությունը կարևոր։ Բացում ենք դասասենյակի դուռն ու այն տեսողական ինֆորմացիան, որ ստանում ենք, առաջին կարևոր մոտիվացնող հանգամանքն է։  Եթե դասասենյակը տեսնելիս մտածում ես, որ այս վայրն այնքան հաճելի է, որ երկրորդ, երրորդ ու հազարերորդ անգամ կգայիր այստեղ, ուրեմն ճիշտ վայրում ես։ Բայց եթե անգամ այդպես չէ, մի շտապիր փախչել, գուցե ուսուցիչդ լավագույններից է, պարզապես ոչ այնքան հարմարավետ պայմաններում է աշխատում։

Եթե քեզ երբեք խոսելու ժամանակ չի մնում, կամ չես կարողանում հարցերդ տալ ուսուցչին, ապա պետք է վերանայել դասընթացի անցկացման եղանակը։ Խոսիր ուսուցչիդ հետ այդ մասին։ Պահանջիր, որ քեզ տրամադրի անհրաժեշտ ժամանակ կարծիքդ արտահայտելու և հարցերդ տալու համար։

  1. Տեսնում ես, որ կարող ես ավելի արագ առաջ շարժվել, բայց շատ ժամանակ ես կորցնում խմբակիցներիդ պատճառով,
  2. Եթե խմբակիցներդ են առաջ անցել, և չես կարող այդ տեմպերով առաջ շարժվել,
  3. Չես կենտրոնանում շատ մարդկանց ներկայությամբ, և քեզ անհատական մոտեցում է անհրաժեշտ։

Հիմա, երբ գիտես խմբային դասերի առավելությունների ու ամենամեծ թերության մասին, ո՞ր տարբերակն ես նախընտրում։

Եթե քեզ շատ կարճ ժամանակում անհրաժեշտ է պատրաստվել կարևոր քննության, ինչպես IELTS-ը կամ TOEFL-ն են, ավելի լավ է հաճախել անհատական դասերի, որոնց առանձնահատկությունների մասին կպատմեմ առաջիկա հոդվածներում։

Եթե արդեն մասնակցել ես խմբային դասերի, ապա պատմիր քո փորձառության մասին այս հոդվածի մեկնաբանություններում, իսկ եթե ուզում ես այս և նմանատիպ  թեմաներով քննարկումների մասնակցել, միացիր Tutor Students Club ֆեյսբուքյան խմբին ու չմոռանաս կարդալ նաև՝

5 ֆիլմ անգլերեն սովորելու համար
Բարելավում ենք անգլերենի բառապաշարը
Լեզուների ուսուցման 4 մոտեցում
5 պատճառ, թե ինչու են բոլորը անգլերեն սովորում