search
-
Մեկնարկ
Ավարտ

Կամավորական և Au-Pair ծրագրերը Գերմանիայում

Գերմանիայում կրթություն ստանալը շատ կարևոր է, պակաս կարևոր չէ նաև այնտեղ աշխատելը։ Գերմանիայում աշխատանք գտնելու և ժամանակավոր կացություն հաստատելու համար մի քանի տարբերակ կա։ Այս տարբերակները հատկապես օգտակար են, երբ դու դեռ հստակ մասնագիտություն չունես, կամ ուզում ես կողմնորոշվել հետագա քայլերիդ հարցում։ Երկու հատվածով կներկայացնեմ հնարավոր աշխատանքները։ Այսպիսով սկսենք

Գերմանիայում կարելի է կամավորություն անել և անգլերենով, և գերմաներենով, բայց ամեն դեպքում Գերմանիայում ապրելու համար գերմաներենի տարրական գիտելիքներ պետք կգան։ Իսկ մի տարի տևողությամբ կամավորական ծրագրերի դեպքում համարյա միշտ պարտադիր է բարձր մակարդակի գերմաներենը։ Այսպիսով՝ նախնական լավ գիտելիքները քեզ համար միայն առավելություն կլինեն։ 
Հայաստանում կան մի քանի կազմակերպություններ, որոնք զբաղվում են կամավորական ծրագրերի կազմակերպամբ, ու հիմա խոսում եմ որոշների մասին, որոնք գերմանալեզու կամավորական ծրագրեր էլ են կազմակերպում՝
Առաջին ու ամենածավալուն գործունեություն ծավալող կազմակերպությունը ըստ իս HUJ-ն է։ Բազմիցս տարբեր միջազգային կամավորական ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն եմ ունեցել ու դիմելով իրենց՝ պարզ է դարձել, որ Հայաստանից դիմելու համար պետք է առաջին հերթին կապնվել HUJ-ին։ Կարճաժամկետ ծրագրեը կամ ճամբարները միջնորդավճարով են, իսկ երկարաժամկետ կամավորությունները՝ ոչ։ Այսպիսով կարող եք գնալ նրանց մոտ, և նրանք ձեզ կտան մի ամբողջ զամբյուղ տեղեկություն ու ծրագրեր, որոնց կարող եք դիմել, մասնակցել։
Նրանցից բացի շատ ակտիվ են աշխատում նաև Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի կարիերայի կենտրոնը ու ”Future in our hands”-ը։
Այժմ Հայաստանի քաղաքացիների համար միակ խնդիրը կամ խոչընդոտը այն է, որ մենք Եվրամիության անդամ երկրում չենք ապրում ու ունենք վիզայի կարիք։ Շատ կամավորական ծրագրերի պահանջների մեջ հաճախ կարող եք տեսնել այն կետը, որում նշվում է վիզայի պարտադիր առկայությունը։ Դրա համար շատ հայեր մասնակցում են Au-Pair ծրագրին, որը հեշտացնում է մուտքը դեպի Գերմանիա ու հետո, երբ վերջանում է պայմանագիրը, սկսում են կամավորությամբ զբաղվել։

Au-Pair թարգմանաբար նշանակում է դայակ։ Ի՞նչ է այս աշխատանքը իրենից ներկայացնում։ Որոշ ժամանակ ապրում ես մի ընտանիքում։ Աշխատանքը երեխաների հետ է, պետք է հետևես նրանց՝ տանես դպրոց կամ մանկապարտեզ, հետ բերես, եթե ինչ-որ խմբակների են հաճախում՝ պետք է նրանց հետ գնաս, մի խոսքով՝ պետք է օգնես ծնողներին, ովքեր այդ ընթացքում աշխատանքի կլինեն։ Դու չես վճարում ուտելիքի, սենյակի կամ ապահովագրության համար ու ստանում ես 260 եվրո գրպանի գումար, որ ճանապարհորդես կամ շոփինգ անես։ Այս ծրագիրը, ինչպես արդեն նշել եմ, հեշտ ճանապարհ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իրենց լեզվական գիտելիքները շատ արագ բարձր մակարդակի հասցնել, նրանց համար, ովքեր ուզում են հետագայում գերմանախոս երկրում աշխատել կամ սովորել։ Քանի որ այդ ժամանակահատվածում, ինչ դու կլինես այնտեղ, կգտնես քեզ անհրաժեշտ ինֆորմացիա ու միանգամից կդիմես ուզածդ ծրագրին։ Այս ծրագրին չեն կարող դիմել 28 տարին լրացած անձինք։ Հայաստանում կան տարբեր կազմակերպություններ ու լեզվի կենտրոններ, որոնք կազմակերպում և հանդես են գալիս որպես միջնորդ։ Օրինակ ՝Max Work-ը կամ Polyglot Education Center-ը։ Կա նաև ընտանիքը ինքնուրույն գտնելու հնարավորություն, բայց այդ դեպքում ոչ ոք չի օգնի ընտանիքը փոխելու հարցում, եթե իրար չհասկանաք կամ որոշ բարդություններ առաջանան, իսկ միջնորդ կազմակերպությունները ընտանիքը երկու անգամ փոխելու հնարավորություն են տալիս։ Չեմ կարող ասել, թե որ տարբերակն է ավելի լավ, բայց եթե այդուամենայնիվ որոշես ինքնուրույն գտնել ընտանիք, ապա կարող ես գրանցվել AuPairWorld կայքում կամ դառնալ տարբեր ֆեյսբուքյան խմբերի անդամ, որտեղ ընտանիքները հայտարարություններ են տեղադրում։
Կան նաև տարբեր պրակտիկաներ բուժաշխատողների կամ ծրագրավորողների համար, համալսարանական պրակտիկաներ տարբեր համալսարանների ուսանողների համար, բայց դրանք կամ միջնորդ կազմակերպությունների կողմից են իրականացվում ու շատ ինդիվիդուալ են, կամ էլ կոնկրետ հաստատության ստեղծած կապերի միջոցով են իրականացվում։ 

Ու հիշիր, որ այս տարբերակները նրանց համար են, ովքեր ապրում են Հայաստանում և դեռ չունեն Գերմանիայում ժամանակավոր կացության իրավունք։
Կարդա նաև՝
4 պատճառ գերմաներեն սովորելու համար
Ինչպե՞ս սկսել գերմաներեն սովորել
Որքա՞ն արժե օտար լեզու սովորելը

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close