search
-
Մեկնարկ
Ավարտ

Ինչպե՞ս դառնալ վատ ուսուցիչ. աշխատանքային ձեռնարկ

Աշակերտը կամ ուսանողն էդ ո՞վ դարձավ, որ անձնական կարծիք ունենա։ Չկա անձնական կարծիք, կան ընդունված տեսակետներ, և ով  փորձում է իր սեփական մտքերն առաջ քաշել՝ պիտի պատժվի՝ այնքան, մինչև սկսի բոլորի պես մտածել։

Չի կարելի երեխային առաջարկել ինքնուրույն մտածել, այս կամ այն տեքստի մասին կարծիք շարադրել։ Հենց ուզում են մտածել՝ լիքը անգիրներ տվեք, որ ժամանակ չունենան, միայն ուշադիր եղեք, որ այդ անգիրները հնարավորինս անպետք ու անիմաստ լինեն, և կարևորը՝ բարդ, անասելի բարդ ու անպետք։ Այդպես նրանց կփրկեք սեփական մտքեր ունենալու արհավիրքից։ Բա ուսուցիչն էլ ինչի՞ համար է։ Հենց դրա համար, որ աշակերտների միտքը կաղապարի, կտրի հիմար երազանքներից, հիշեցնի, որ աշխարհում չկան գույներ, և ամեն բան մոխրագույն է, սպանի  անհատականությունն ու ատելություն սերմանի կրթության նկատմամբ։

Տեր Թոդիկի պես սուրբ մարդու անունը դուրս եկավ, բայց ի՞նչ վատ էր։ Սխալ հավասարում ես լուծում՝ ցուցափայտով դաղում են ուղիղ մատներիդ՝ արագ, հրաշալի մեթոդ։ Օրինակ, երեխաների ինչի՞ն են պետք մատները։ Կամ, դասի ժամանակ շնչեն, որ ի՞նչ, սա էլ նոր եվրոպական ձևեր են՝ երեխան ազատ լինի, ուսուցիչը երեխայի ավագ ընկերը պիտի լինի․․․Այ քեզ բա՜ն։ Քառասուն տարվա մանկավարժ ենք՝ նման բաներ չենք լսել, մեզ չի սազում։ Ճնշեք՝ ինչպես կարող եք։ Ուսուցիչը երեխայի երկրորդ մայրն ու հայրն է, հենց մի բան դուրներդ չգա՝ շրը՛խկ դեմքին՝ ապտակի ձևով։ Կարող եք նաև բոքսել իհարկե, բայց գուցե քթից արյուն գա, ձեր մատները կկեղտոտվեն, ռիսկի մի դիմեք։

Կամ տեսնում եք երեխան, օրինակ, դժվարանում է դասը պատմել ու կաշկանդվում է՝ պարտադիր կանգնեցրեք դասարանի մեջտեղը, ստիպեք կմկմա, կարմրի, անպայման բղավեք վրան, և շատ ցանկալի է ձեռքից բռնեք՝ դուրս շպրտեք։ Եթե կարողանանք այնպես անել, որ այս ամբողջ բեմականացմանը երեխայի վրա ծիծաղեն նաև դասարանցիները՝ իդեալական կստացվի։ Իսկ եթե հաջորդ օրն էլ երեխային՝ նախորդ օրվա կատարվածի համար ծաղրեն այնպես, որ երեխան սկսի հրաժարվել դասի գնալուց՝ հոտնկայս կծափահարենք, ամողջ թիմով։ Վստահ ենք՝ գլուխ կհանեք։

Հանկարծ չհամաձարկվեք դասերին օգտվել համացանցից, հավելյալ տեսանյութերից, սխեմաներից, էլ չեմ ասում՝չփորձեք անգամ օգտագործել օնլայն հատուկ հարթակները՝ դասընթացները գրանցելու, կազմակերպելու համար։ Հիշեք, ոչ մի ավել տեղեկատվություն, միայն դասագրքային ճշմարտություններ, որը երեխաները պիտի անգիր, բառ առ բառ կրկնեն, հենց չկրկնեն՝ ճիպոտի տեղը հիշում եք։

Էդ ինտերնետներում-բաներում մարդիկ սովորաբար անմիջական են, հին դասագրքերից բացի նոր տեղեկատվության են տիրապետում։Դասընթացների գրանցման հարթակներում էդ «իմպըռտնի դասատըվեքը» թուղթուգրիչից բացի գուցե սլայդեր օգտագործեն, տեսանյութեր, շատ տարբերվում են այլ ուսուցիչներից, որովհետև նման հարթակները թույլ են տալիս մանրամասն ներկայացնել դասընթացը՝ պայծառ ու գունավոր, ժամկետները նշել, դասերի հերթականությունը, թեմաները․․․Մեղա-մեղա, ինչ չէինք տեսել՝տեսանք։ Ո՞ւմ է պետք նման հարթակը, դասընթացը հետաքրքիր ու իսկապես օգտակար դարձնելը, կամ դասընթացների հարթակում ավելի շատ ուսանող-աշակերտ գտնելը։ Գործ չունեք։ Առնում եք տետր, սոսինձ, գրիչ, տետրը ճղրտում եք, գրիչով վրան գրում եք դասընթացի մասին, կպցնում ծառերին, սյուներին, անշարժ կանգնած մարդկանց վրա։ Ինտերնետը չարիք է, նման հատուկ հարթակներն՝ առավել ևս։

Սրանք հիմնական կետերն են, որոնք որպես «հրաշալի» ուսուցիչ պետք է պահեք։ Կարևորը հիշեք՝ երեխաները պետք է վախենան ձեզնից, ամեն դասընթացից, դասաժամից առաջ վախից պիտի դողան ու զզվելով գան պարապմունքի, պիտի վախենան սեփական կարծիք ունենալուց, դեռ մի բան էլ՝ արտահայտելուց։ Պիտի մտածեն քառակուսի, զգան քառակուսի, ի վերջո՝ դառնան քառակուսի։

Մաղթում ենք ձեզ հաջողություն այս ծանր գործում։ 

Սիրով ու սարկազմով՝
Սյունե Սևադա

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close