search
-
Մեկնարկ
Ավարտ

IELTS՝ինչպե՞ս ստանալ ամենաբարձր գնահատականը

Ուզո՞ւմ ես կրթությունդ ստանալ կամ շարունակել արտասահմանյան լավագույն ուսումնական հաստատություններից մեկում, կարիերայում ավելի մեծ հաջողություննե՞ր գրանցել, կամ պարզապես պրոֆեսիոնալ մակարդակով ստուգե՞լ անգլերենիդ իմացությունը։ Ուրեմն հաստատ լսել ես IELTS թեստը հանձնելու անհրաժեշտության մասին։

Դե ինչ, ճիշտ վայրում ես։ Եթե ուզում ես հանձնել այս թեստը, պիտի անպայման համապատասխան դասընթացի հաճախես, բայց որպեսզի ճիշտ գնահատես դասընթացի արդյունավետությունը, հասկանաս՝ արդյո՞ք ճիշտ ուղղությամբ ես շարժվում, թե ոչ, այսօր ավելի մանրամասն IELTS քննության մասին ենք խոսելու՝ մասնավորապես IELTS Academic-ի և պատասխանելու ենք հետևյալ հարցերին`

  • Ի՞նչ կառուցվածք ունի թեստը
  • Ինչպե՞ս է գնահատվում
  • Որտե՞ղ ու ե՞րբ հանձնել 

Իսկ վերջում…

Խորհուրդներ մասնագետից, որոնք ոչ ոք քեզ չի պատմի, ու որոնց շնորհիվ ամենաբարձր գնահատականը կստանաս։

Ինչպես արդեն գիտես, այս քննությունը 4 մասից է բաղկացած՝

  • Ունկնդրում
  • Ընթերցանություն,
  • Գրավոր խոսք,
  • Բանավոր խոսք

Նախ արի հասկանանք յուրաքանչյուր բաժնի կառուցվածքը

Ունկնդրում բաժինը տևում է 30 րոպե, այնուհետև տրվում է լրացուցիչ 10 րոպե, որի ընթացքում հնարավորություն կունենաս պատասխաններդ անցկացնել համապատասխան ձևաթղթի մեջ։ Այս հատվածը իր հերթին բաժանված է 4 մասի՝

  1. Առաջին հատվածում կլսես առօրյա-խոսակցական ոճի զրույց երկու անձանց միջև։
  2. Երկրորդ հատվածում կլսես նույն ոճի մենախոսություն։
  3. Երրորդ հատվածում 3-4 մարդկանց զրույցն է՝ կրթական թեմաների վերաբերյալ։
  4. 4-րդ հատվածում որևէ ակադեմիական թեմայով մենախոսություն է, օրինակ՝ դասախոսություն։

Ընդհանուր առմամբ 40 հարցի պիտի պատասխանես, որոնք տարբեր ֆորմատների կարող են լինել՝ կարճ պատասխան, ընտրել ճիշտ տարբերակը և այլն։

Թեստի Ընթերցանության բաժինը տևում է 60 րոպե։ Այն բաղկացած է 3 մասից։ 3 հատվածներում 3 տարբեր տեքստեր ես կարդալու, ընդհանուր առմամբ 2150-2750 բառի սահմանում։ Տեքստերը կարող են նաև տարբեր աղյուսակներ կամ իլուստրացիաներ պարունակել։ Յուրաքանչյուր հատվածին հաջորդելու են հարցեր հետևյալ տեսքով՝ լրացրու բաց թողնված հատվածները, համապատասխանեցրու վերնագիրը հատվածի հետ, ավարտիր նախադասություները և այլն։ Այստեղ հարցերի թիվը կրկին 40-ն է։ Այս բաժնին պատրաստվելու համար պետք է շատ կարդաս ու փորձես ստուգել արդյո՞ք ընկալում ես տեքստի իմաստը, կկարողանայիր տեքստի մասին հարցերին պատասխանել, թե ոչ, կկարողանայիր կարծիք հայտնել, թե ոչ։

Գրավոր խոսք բաժինը երկու մասից է բաղկացած և տևում է 60 րոպե։ Առաջին 20 րոպեն նախատեսված է առաջին առաջադրանքի համար, որի ընթացքում պետք է ինչ որ աղյուսակի, քարտեզի, դիագրամի կամ այլ տեղեկատվություն նկարագրես, իսկ հաջորդ 40 րոպեների ընթացքում պետք է հատուկ կառուցվածքով էսսե գրես։ Շատ կարևոր է, որ անընդհատ հետևես, որպեսզի գրավոր խոսքդ նախատեսված կառուցվածքից չշեղվի, որպես օրինակ կարող ես կարդալ ուրիշների էսսեները ու հասկանալ, թե ինքդ ինչպես կգնահատեիր այս կամ այն էսսեն։

Բանավոր խոսքը երևի թե այս քննության ամենահետաքրքիր հատվածն է, որովհետև զրուցելու ես քննությունը վերցնող մասնագետի հետ։ Կարևոր է իմանալ, որ այս հատվածը հանձնելու ես կամ նույն օրը մյուս բաժինների հետ, կամ թեստից 7 օր առաջ կամ հետո։  Այն կրկին բաղկացած է 3 մասից։ Առաջին մի քանի րոպեների ընթացքում մասնագետը կներկայանա ու կխնդրի, որ պատմես քո մասին, երկրորդ հատվածում նա կխնդրի, որ ընտրես քարտերից մեկն ու խոսես առաջադրված թեմայի մասին։ Այս հատվածում քեզ ոչ ոք չի կանգնեցնի, ուրեմն խոսիր այնքան քանի դեռ ժամանակ ունես։ Իսկ երրորդ հատվածը կրկին զրույց է մասնագետի հետ նույն թեմայի մասին։ Մի լարվիր այն մտքից, որ քեզ ուշադիր լսում են ու գնահատելու են, չէ որ դպրոցում ու համալսարանում հազար անգամ անցել ես այդ ամենի միջով։

Ունկնդրման և ընթերցանության բաժնի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը մեկ միավոր է։ Գրավոր խոսքի երկրորդ առաջադրանքը կրկնակի արժեք ունի, քան առաջինը, իսկ բանավոր խոսքը գնահատվում է հիմնվելով հետևյալ 4 չափանիշների վրա՝

  • Ճկուն խոսք
  • Բառապաշար
  • Քերականություն
  • Արտասանություն

Այս բոլոր միավորները փոխարկվում են 1-9 բալերի։

IELTS թեստավորում Հայաստանում կազմակերպում է բրիտանական խորհուրդը։ Առաջիկա քննությունները կլինեն 2019-ի հունվարին։

  1. Գտիր IELTS-ի դասընթաց։
  2. Առաջինը պատրաստվիր ունկնդրում բաժնին, լսիր տարբեր հոլովակներ։ Բայց բոլոր բաժինները պարապելուն զուգահեռ՝ պարապիր գրավոր խոսքը։
  3. Գրավոր խոսքի առաջին առաջադրանքը կատարելու համար վերցրու տարբեր աղյուսակներ, դիագրամներ ու թեկուզ հայերենով պատմիր ընկերներիդ, թե ինչ ինֆորմացիա ես ստանում այդ պատկերներից։ Հետո նույնն արա անգլերենով ու պատմածդ գրիր։
  4. Կարդա էսսեներ ուր և երբ պատահի՝ մետրոյում, ճաշելիս, մինչ քնելը կամ եթե շատ ձանձրալի հավաքույթի ես մասնակցում։ Այսպես ոչ միայն կհասկանաս էսսեների կառուցվածքը, այլև կզարգացնես բառապաշարդ ու ընթերցանության հմտությունները։
  5. Լավ էսսե գրելու համար այնպես արա, որ գրածդ յուրաքանչյուր պարբերություն ավարտուն միտք ունենա։ Այսինքն եթե այն դուրս հանես ամբողջ էսսեյից, կկարողանաս օգտագործել որպես առանձին, ավարտուն գրավոր խոսք։
  6. Այն, որ պետք է հատուկ կառուցվածքով շարադրես գրավոր խոսքդ պարզ է, բայց խիստ ցանկալի է, որ բանավոր խոսքդ ևս հստակ կառուցվածք ունենա՝ նախաբան, հիմնական միտք, եզրակացություն։
  7. Ճիշտ է այն, թե ինչպիսի արտասանությամբ ես խոսում՝ ամերիկյան, թե բրիտանական, չի գնահատվում, բայց աշխատիր միշտ նույն արտասանությունը պահել։ Եթե սկսել ես բրիտանականով, այդպես էլ շարունակիր ու հակառակը։
  8. Ընթերցանության բաժինը կատարելիս շատ ժամանակ մի ծախսիր յուրաքանչյուր բառը լիարժեք ընկալելու վրա, այնպես արա, որ տեքստի մեջ պարզապես գտնես հարցերիդ պատասխանները։
  9. Պարապելիս միշտ վայրկյանաչափ միացրուու ֆիքսիր, թե որքան ժամանակում ավարտեցիր առաջադրանքը։
  10. Մի լարվիր ու առավելագույնը ցույց տուր ողջ գիտելիքդ, չէ որ այդքան պատրաստվել ես։

Ու ամենակարևորը՝

Շարունակիր հետևել բլոգի թարմացումներին ու չմոռանաս կարդալ նաև նախորդ հոդվածները։

Մենք կուղարկենք միայն լավագույն նորություններն ու դասընթացները
close